Պարոն Քարփենթերի հետ հանդիպմանը չեմ մասնակցել և տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը մշտապես հրապարակային է եղել, և ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին։ Եվ մենք շատ ուրախ ենք դրանում և կարևորում ենք Միացյալ Նահանգների ակտիվ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը հայկական կողմին ինչ առաջարկներ է փոխանցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
«Եվ մեր դիրքորոշումների մասին էլ դուք տեղյակ եք, հրապարակային ևս հնչեցրել ենք: Կարծում եմ՝ դրանք, ըստ էության, այն նույն դիրքորոշումների մասին են, ինչի շուրջ բազմիցս հայտարարվել է Միացյալ Նահանգների կողմից: Գիտեք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարն է շատ ակտիվ ներգրավված եղել և քաջալերել խաղաղության հաստատմանը»,- ասաց Կոնջորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Մայքլ Քարփենթերը վարչապետ Փաշինյանին էր փոխանցել Ջո Բայդենի նամակը:
Զրուցակիցները քննարկել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: