«3+3»-ը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է, և մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ կարևորում ենք հարևանների հետ հարաբերությունները, կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը, մեր տարածաշրջանում և ձգտում ենք էապես զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, որոնց հետ ունենք հարաբերություն և կարգավորել այն հարևանների հետ հարաբերությունները, որոնց հետ չունենք: Այս մասին խորհրդարանում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «3+3» տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը վերաբերող հարցին:
«Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք «3+3» հարթակի աշխատանքներին, և, կարծում եմ՝ կշարունակենք մասնակցել: Մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ մեր հարաբերությունները:
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, նախարարը նշեց՝ «այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին և եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով՝ և՛ սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի շուրջ, և՛ հարաբերությունների կարգավորման»:
«Այլ բան, որ ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ «3+3»-ում, տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը՝ միաժամանակ մի տեղ լինելու և իրենց երկկողմ հանդիպումները և բանակցությունները ևս ունենում են: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բացառություն չէինք:
Մենք ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել և մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,- հայտարարեց ԱԳ նախարարը:
Հարցին՝ ինչպես է գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր վերջին հանդիպման արդյունավետությունը, Միրզոյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից:
«Սա որևէ կերպ մեզ չի շեղում և չի շեղելու մեր ռազմավարությունից՝ համբերատար, կառուցողական և ակտիվ կերպով աշխատել օր առաջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար:
Շատ խորհրդանշական է, և այսօր կարող ենք լիարժեքորեն ասել՝ ձեր քվեարկությունից հետո մենք ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջև:
Փաստաթուղթը հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նաև հետագա սահմանազատման մասին»,- հայտարարեց նա՝ հարևաններին կոչ անելով ավելի կառուցողական ներգրավվել բանակցություններում: