Թաթարստանի մայրաքաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի սկզբում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Իրանի մուտքը BRICS, ինչպես նաև ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը լրացուցիչ հնարավորություններ են բացում Մոսկվայի և Թեհրանի միջև փոխգործակցության համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ շուտով երկու երկրների միջև կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության մասին միջպետական մեծ պայմանագիր։
Իրանի ղեկավար Մասուդ Փեզեշքիանն էլ իր խոսքում նշել է ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև ընդգծել է BRICS-ի շրջանակում համապարփակ և կառուցողական փոխգործակցության կուրսը շարունակելու անհրաժեշտությունը։ Ըստ Փեզեշքիանի, դա օգնում է հաղթահարել պատժամիջոցների ճնշման բացասական հետևանքները։
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետը, նրա խոսքով, շուտով կորոշվի։
Կողմերը քննարկել են նաև իրադրությունը Լիբանանում, Սիրիայում և Հարավային Կովկասում: