Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Պաշտոնյաները քննարկել են Արևտյան Ասիայում իրադրությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ համագործակցության խորացման հարցեր:
«Իրանի և Հնդկաստանի անդամակցությունը BRICS-ին լավ հնարավորություն է երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Հուսով ենք, որ երկկողմ համաձայնագրերի իրագործումը կարագացվի, հատկապես՝ Չաբահար նավահանգստի զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է Փեզեշքիանը։
Մոդին իր հերթին նշել է, որ Հնդկաստանը հետամուտ է Իրանի հետ հարաբերությունների խորացմանը և հավելել. «Հնդկաստանի տեսանկյունից Չաբահար նավահանգստի զարգացումը երկկողմ համագործակցության ամենամեծ հենասյունն է, և մենք կարծում ենք, որ այս նավահանգստի զարգացումը կարևոր դեր է խաղում ինչպես երկու երկրի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ Իրանի ու Հնդկաստանի հարաբերությունների կարգավորման գործում»։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության զարգացման, պատերազմի դադարեցման անհրաժշտությունը: