Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:
«Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։
Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից»,- ասել է Զախարովան։
Նա նաև հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի վերջին մեկնաբանությունը, ըստ որի՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։