BRICS-ի երկրների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա են ավելի քան 20 պետության ղեկավարներ, մոտ 20 հազար հյուր։ Բարձրաստիճան պաշտոնյաների թվում, բացի BRICS-ի ղեկավարներից, գագաթնաժողովին մասնակցում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Վիետնամի, Պաղեստինի և այլ երկրների ղեկավարներ։
Առաջին օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմնականում երկկող բանակցություններ է վարել։ Մասնավորապես, Նոր զարգացման բանկի նախագահ, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի, BRICS-ի հիմնադիր երկրների ղեկավարների՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։
BRICS երկրները գագաթնաժողովում ամփոփիչ հռչակագիր են ընդունել՝ «Ամրապնդել բազմակողմանիությունը՝ հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության» վերնագրով: Ասոցիացիայի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը բազմակողմանիությանը և միջազգային համակարգում ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանմանը:
Ամփոփիչ հռչակագրում BRICS-ի երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ցանկությանը` ավելի նշանակալից դեր խաղալ համաշխարհային գործերում:
Գագաթնաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններին և հռչակագրում կոչ են արել ամրապնդել զենքի չտարածման ու զինաթափման ռեժիմը՝ ճանաչելով դրա դերը համաշխարհային կայունության պահպանման գործում: