Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ նիստից հետո լրատվական շրջանակներում տարածվեցին լուրեր երկու փաստաթղթի մասին՝ մեկը միակողմանի միջոցների և պատժամիջոցների կիրառման վերաբերյալ, մյուսը՝ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին»։ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այս երկու հայտարարություններին։
Այս հարցի հետ կապված ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց հետևյալը: «Իսկապես երկու փաստաթղթերն ընդունվել են ԱՊՀ նախարարական ձևաչափում, Հայաստանի Հանրապետությունը չի միացել այդ երկու հայտարարություններին: Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև այդ քննարկումները, այնուամենայնիվ, բանակցությունների փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, և նաև էթիկայի տեսանկյունից գուցե շատ ճիշտ չի։ Ասեմ միայն, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարությունների մեջ, և հակառակը՝ այդ հայտարարությունների մեջ կան ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել: Քննարկումների վերջնարդյունքում մենք որոշել ենք չմիանալ այդ հայտարարություններին»: