Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման գործընթացը ռիսկերով հանդերձ համարում դրական, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:
«Առավոտը տնից դուրս գալու մեջ էլ ռիսկ կա, եղանակի մեջ էլ ռիսկ կա, անձրևի մեջ էլ ռիսկ կա:
Հարցը հետևյալն է՝ այդ կանոնակարգի ներսի մեխանիզմները հնարավորություն տալի՞ս են ռիսկերը կառավարել: Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են»,- նշեց Փաշինյանը:
«Ես ասում եմ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ: Սա եղել է, շարունակում է մնալ և մնալու է մեր սկզբունքը»:
Վարչապետի խոսքով՝ վավերացված կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալու են բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու։
Խոսելով սահմանազատման հիմքում ընկած քարտեզների մասին՝ վարչապետն ասաց. «Սահմանազատման քարտեզը դասագրքի ատլաս չէ, որ մեկ էջ ունենա. դա տասնյակ էջեր ունի: Ես հիմա ասում եմ, որ մենք այդ բոլոր քարտեզները, որոնցով արձանագրվում են ՀՀ-ի դե յուրե սահմանները, բոլոր քարտեզները ունենք: Դրանք մի հատ չեն, երկու հատ չեն, երեք հատ չեն: Հայաստանի ամբողջ պարագիծն ապահովված է այդ քարտեզներով»:
Վարչապետը պարզաբանեց նաև, որ պատմական և իրական Հայաստան ասելով խոսք չկա մեր պատմության ժխտման մասին։
«Տիգրան Մեծը մեր թագավորն է, մեր պատմությունը մեր պատմությունն է, այդտեղ մենք բանավեճ չունենք, մեր բանավեճը ապագայի մասին է, ապագայի տեսլականի մասին է, և իրական Հայաստանը այսօրվա և ապագայի մեր տեսլականի մասին է»,- ասաց նա։