Մասնակցել եմ «3+3» խորհրդատվական հարթակի հերթական նախարարական հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում ունեցել եմ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Մենք բավականին հանգամանալից և բովանդակային խոսակցություն ենք ունեցել ինչպես մեր երկկողմ օրակարգի, այնպես էլ որոշ տարածաշրջանային կամ մեծ տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
«Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, կրկին զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թեև այս անգամ մի փոքր պակաս զգուշավոր, մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը, քիչ առաջ ես ասացի, որ բավական դրական տեմպերով է զարգանում և դրական բովանդակություն ունի:
Հույսս կրկին այն է, որ մենք շատ մոտ ապագայում կտեսնենք նոր, շոշափելի ձեռքբերումներ»,- ասաց Միրզոյանը: