Մենք ունենք ռազմավարություն, և այդ ռազմավարությունը հետևյալն է, որ անվտանգային ոլորտում, ընդհանուր առմամբ, մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը, և մենք հետևում ենք այն ռազմավարությանը, և այն, ինչ այսօր ԱԺ-ը վավերացրել է, կարծում եմ, որ պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր իրադարձություն է, որովհետև մենք դրանով արձանագրել ենք ՀՀ տարածքների՝ լեգիտիմ տարածքների սահմանների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ սահմանազատման վտանգներին առնչվող հարցին:
«Պարզ է, որ և Հայաստանի ներսում և դրանից դուրս կլինեն տեսակետներ, կարծիքներ, կլինեն որոշակի մտածված գործողություններ մեզ մեր ռազմավարությունից շեղելու համար, մենք այդ ռազմավարությունից չենք շեղվելու, բայց միևնույն ժամանակ նաև հաշվի ենք առնելու, լսելու ենք բոլոր հնարավոր արգումենտները, բոլոր հնարավոր մտահոգությունները, բայց նաև պիտի արձանագրեմ, որ այդ բոլոր մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները վավերացրած կանոնակարգը նախատեսում է, և, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրեմ նաև, որ կանոնակարգում սահմանված է ոչ միայն հատվածական սահմանազատման հնարավորություն, այլև սահմանազատման գործընթացը, ըստ էության, ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով:
Ուրիշ կերպ չի էլ կարող լինել, որովհետև ամեն հատված պետք է սահմանազատվի, այդ սահմանազատումը պետք է արձանագրվի որևէ կերպ և հետագա պրոցեսները իրականացնելու համար: Իսկ այն, ինչ որ տեղի է ունեցել նախորդ շրջանում Կիրանց, Ոսկեպար հատցվածում, կան տարբեր գնահատականներ, իմ գնահատականն այն է, որ դա շատ մեծ և շատ լուրջ հաջողություն է առաջին հերթին անվտանգային ոլորտում, որովհետև հիշում ենք, թե բոլորն ասում էին, թե ինչպես են երեխաները դպրոց գնալու Տավուշի մարզի Կիրանց գյուղում:
Երեխաները Տավուշի մարզում՝ Կիրանց գյուղում, դպրոց գնում են հաճույքով, անվտանգության զգացումով, և Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում ավելի անվտանգ չի եղել, քան այսօր է: Մենք այս խնդրի լուծումը ուզում ենք շարունակել, այս իրադրությունն ուզում ենք ստեղծել ՀՀ բոլոր սահմանամերձ բնակավայրերի համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: