Նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական և վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների՝ մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից՝ ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվում է դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը շարունակելու հնարավորություն: Գործող կարգավորումների համաձայն՝ դատական կազմի կամ կազմում ներառված դատավորի փոփոխության դեպքում գործերի քննությունը պարտադիր սկսվում է սկզբից՝ հանգեցնելով նախկինում կատարված բոլոր դատավարական գործողությունների կրկին կատարմանը: Նախագծի կարգավորման միջոցով վերոնշյալ իրավիճակում դատարանները հնարավորություն կունենան կա՛մ սկզբից սկսել գործի քննությունը, կա՛մ այն շարունակել ընդհատման պահից, ինչի արդյունքում կնվազեցվի գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվում է նախատեսել կողմերին ինքնաբացարկի հիմքերը գրավոր ընթացակարգով պարզաբանելու կառուցակարգ: Ներկա կարգավորումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում դատարանը կարող է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը և առաջարկել իր բացակայությամբ քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը: Այնուամենայնիվ, դատավարական գործընթացը մտնում է փակուղի, երբ դատական նիստին կողմերը չեն ներկայանում: Նման իրավիճակները հաղթահարելու համար առաջարկվում է սահմանել, որ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստի ծանուցագրում նշում կատարել այդ մասին, ինչը հնարավորություն կտա կողմերին տեղեկացվելու դատական նիստում քննարկվելիք հարցի վերաբերյալ: Սակայն, եթե կողմերը, ծանուցված լինելով, չներկայանան դատական նիստին կամ չներկայացնեն դատական նիստը հետաձգելու մասին հիմնավորված միջնորդություն, ապա դատարանը հնարավորություն կունենա ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտել գրավոր եղանակով:
Նախագծերով նախատեսվում է նաև սանկցիայի նոր տեսակ ներառել, այն է՝ իրավունքի իրականացման սահմանափակում: Դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահումը հատկապես արտահայտվում է նույնական միջնորդությունների պարբերաբար ներկայացմամբ՝ նպատակ հետապնդելով, օրինակ, ձգձգել գործերի քննությունը կամ խափանել դատական նիստերը: Առաջարկվող սանկցիան դատարաններին հնարավորություն կտա արդյունավետ արձագանքելու նման իրավիճակներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը:
Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում: