Նորմալ քննարկումներ են, կարծում եմ, որ դա շատ բնական է, և իշխող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լավագույն լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդարադատության նախարարի պաշտոնի ընտրության հարցում ՔՊ վարչությունում կոնսենսուս չկա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է, ինչքա՞ն կարող են քննարկումները շարունակվել, Կոնջորյանը պատասխանեց՝ ՔՊ վարչությունը իր լիազորությունների շրջանակներում քննարկումներ է ծավալում։
«Ես վարչության անդամ չեմ, վարչության նիստերին մասնակցում եմ որպես կառավարող խմբակցության ղեկավար։ Բայց կարող եմ ասել, որ ինքս, մասնակցելով այդ նիստերին, շատ բարձր եմ գնահատում այս գործընթացը, որովհետև շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են, ներկայացնում են իրենց ծրագրերը, վարչության անդամները հարցեր են տալիս»,- ասաց Կոնջորյանը։
Հարցին՝ ի՞նչը չի բավարարում վերջիններիս, Կոնջորյանը նշեց՝ ինքը լիազորված չէ հանդես գալ վարչության անունից:
«Կարող եմ իմ գոհունակությունը հայտնել պրոցեսի վերաբերյալ, ինչը և արեցի»,- նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
«Մենք պետք է առաջնորդվենք լավագույն թեկնածուն գտնելու առաջնահերթությամբ, որովհետև մեր ոլորտի և պետական շահը թելադրում է, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել: Թե կոնկրետ ինչ թեկնածու կլինի, և ինչ լուծումներ կլինեն, դրա վերաբերյալ, վստահ եմ, վարչության առաջիկա նիստից հետո անպայման կտեղեկանաք»,- ասաց Կոնջորյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ ՔՊ-ն ունի կադրային լուրջ խնդիրներ, Կոնջորյանը չհամաձայնեց:
«Ո՛չ, ես հակառակ տրամաբանությամբ կգամ, որովհետև բարձր չափանիշներ են դրվում՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը և առաջնորդվելով այդ բարձր չափանիշներով՝ դժվար է երբեմն գալ եզրահանգման, ինչը շատ նորմալ գործընթաց եմ գնահատում: Լիահույս եմ, որ առաջիկայում ունենալու ենք նշանակում»,- ընդգծեց Կոնջորյանը: