Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարարի տեղակալ, արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը հայտնեց՝ ծավալուն փաթեթի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից:
«Փաթեթը երկարատև մշակման փուլ է անցել, մոտ երկու տարվա հետազոտությունների ու հանրության բավական լայն շրջանակի հետ քննարկումների արդյունք է, արժանացել է նաև Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Անդրադառնալով հիմնական փոփոխություններին՝ ասաց՝ քաղաքացիները ավելի հեշտ կիրականացնեն իրենց ընտրական իրավունքները, օրինակ՝ իրենց հաշվառման համայնքում քվեարկելու անհնարինության դեպքում քաղաքացիներն արդեն էլեկտրոնային դիմումով կկարողանան փոխել տեղամասը և էլեկտրոնային ծանուցումով կգնան նոր տեղամաս՝ քվեարկության՝ առանց թղթային տեղեկանքի:
Հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք ևս էլեկտրոնային դիմումով կկարողանան ընտրել իրենց համար ավելի մատչելի ընտրական տեղամաս, տեսողության խնդիրներ ունեցող անձինք կապահովվեն լրացուցիչ միջոցներով:
Քրեականացվում է նաև ընտրություններին մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը:
«Այս առումով Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված է ավելացվելու, որով նախատեսվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը քրեորեն պատժելի արարք է, միասնականացվում են հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները»,- հայտնեց արդարադատության նախարարի տեղակալը:
Քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամանակ առաջնահերթություն է տրվելու թեկնածուների, վստահված անձանց, ընտրական հանձնաժողովի դիմումներին, առաջին հերթին կվերահաշվարկվեն այն ընտրական տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում:
«Ներկայումս առաջին հերթին վերահաշվարկվում են վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ վերջում վերահաշվարկվում են այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում: Ընդլայնվում է դիտորդական առաքելություն իրականացնելու սուբյեկտների շրջանակը, և այսուհետ հիմնադրամները ևս կարող են հավատարմագրվել: Կարգավորվում է քարոզչական նյութերի փակցման հարցը, որպեսզի մեր քաղաքացիների ապրելու միջավայրը չլցվի քարոզչական պաստառներով»,- հայտնեց Արմենուհի Հարությունյանը: