ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
«Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կհաջողվի հասցնել ավելի բարձր մակարդակի:
«Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, և մենք Գանայի Հանրապետության հետ համագործակցության մեծ ներուժ ենք տեսնում։ Այսօրվա հանդիպումը հրաշալի հնարավորություն է քննարկելու փոխշահավետ գործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Գանայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում գործակցությանը:
Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։