Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Քվեարկության դրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ երկու պատգամավոր՝ Սոնա Ղազարյանը և Վահե Ղալումյանը, թողել են իրենց կողմ քվեարկությունները:
ԱԺ-ն 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին: