Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:
«Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել ենք որոշակի քայլեր, վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև համագործակցության համար»,- նշել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար:
«Շատ ուրախ եմ իմ երկիրը Հայաստանում ներկայացնելու հնարավորության համար և տպավորված եմ այն ջերմ ընդունելությունից, որին հանդիպեցի Հայաստանում, ես ջանքեր չեմ խնայի մեր երկրների միջև փոխգործակցության սերտացման ուղղությամբ»,- ասել է դեսպան Աքուա Օպոկու-Վարեյը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գանայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտում աշխատանքների ակտիվացումը:
Կողմերը երկուստեք դրական են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գանայի արդյունավետ համագործակցությունը: