Շատ անհասկանալի իրավիճակում ենք հայտնվում, երբ ընդդիմությունը սկսում է քննադատել դատական իշխանությունը: Այս մասին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում ասաց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես է կարելի անընդհատ անդրադառնալ Սահմանադրական դատարանին այն պարագայում, երբ ՍԴ-ն ինչ-որ մի որոշում է կայացրել, որը վերջիններիս սրտով չէ: Հավատացնում եմ ձեզ, եղել են ՍԴ-ի կողմից կայացված որոշումներ, որոնք նաև իմ կամ իշխող մեծամասնության սրտով չեն եղել, բայց կա մի ընդհանուր կանոն, և այս կանոնը բոլորիս համար պետք է դառնա ընդհանուր գործունեության հիմք. դատական ակտը՝ ուժի մեջ գտնվող, որևիցե մեկի կողմից չի կարող վիճարկվել, և այն պետք է կատարվի առանց որևիցե «բայց»-ի և «եթե»-ի:
Հիմա ինչպե՞ս է ստացվում: Երբ Սահմանադրական դատարանը մի որոշում է կայացնում, որն ըստ մեր ընդդիմադիր գործընկերների, համապատասխանում է վերջիններիս շահերին, դա լավ ՍԴ է, երբ ՍԴ-ն նույն կազմով կայացնում է որոշում, որն այնքան էլ հոգեհարազատ չէ մեր ընդդիմադիր գործընկերներին, ապա դա վատ Սահմանադրական դատարան է»,- ասաց պատգամավորը՝ նման արտահայտություններ անելը համարելով անթույլատրելի:
«Էլ չեմ ասում, որ եթե ՍԴ-ի որոշ որոշումներ չլինեին, հարցական է՝ ով և ինչ կարգավիճակում էր գտնվելու այս դահլիճում: Բայց սա ՍԴ որոշում է, և բոլորս պարտավոր ենք հարգել»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով ընդդիմության՝ սահմանազատման կանոնակարգի հետ կապված՝ որոշմանն առնչվող քննադատությանը, նշեց՝ ՍԴ-ն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է տվյալ փաստաթղթում զետեղված միջազգային պարտավորությունները, վերլուծել է և մեկնաբանել Սահմանադրությունը:
«ՍԴ-ն Սահմանադրությունը մեկնաբանելու աբստրակտ լիազորություն չունի: ՍԴ-ն իրավունք ունի մեկնաբանել Սահմանադրությունը կոնկրետ գործի շրջանակներում: Մեկնաբանել է համապատասխան սահմանադրական նորմերը, փոխկապակցվածությունը Անկախության հռչակագրի հետ և ստացել է այն դիրքորոշումը, որը տրվել է ՍԴ-ի կողմից»,- պարզաբանեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ ՍԴ-ն միակ իրավասու մարմինն է վերջնական դիրքորոշում արտահայտելու այս կամ այն հարցի սահմանադրականության վերաբերյալ:
Դրանից հետո ցանկացած տեսակի խոսակցություն, ըստ նրա, կապված գործընթացի հակասահմանադրականության հետ, անընդունելի է:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ դատարանների կողմից այս կամ այն սուբյեկտի նկատմամբ խտրականության դրսևորմանը, նկատեց՝ եթե ընդդիմությունը ցանկանում է ձևավորել արդարադատական այնպիսի համակարգ, որը համահունչ է նրանց ակնկալիքներին, պետք է ներկա գտնվի ամբողջ գործընթացին՝ լսի թեկնածուներին, հանդես գա հարցադրումներով, ելույթներ ունենա, դատական իշխանության ձևավորման հարցում մասնակցի քվեարկությանը:
«Այո՛, կան խնդիրներ, և մենք այդ խնդիրները անընդհատ բարձրաձայնում ենք, փորձում ենք կատարելագործել այն մեխանիզները, որոնք դրված են մեր արդարադատական համակարգի հիմքում: Դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք արձանագրել՝ մեր արդարադատական համակարգը հասել է այն մակարդակին, որ բավարարում է բոլորիս սպասելիքները»,- ելույթում ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: