Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Խորհրդարանում նիստը թեժ սկսվեց: Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին Չեխիա կատարած այցի ժամանակ ԼՂ-ին վերաբերող հայտարարությունների համար, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանը հակադարձեց Մանուկյանին՝ նրան մեղադրելով այն բանում, որ ինքը պատրաստ է քննարկման, սակայն բազմիցս այդ քննարկումը ծավալել և բազմիցս տապալվել է:
Այնուհետ «Հայաստան» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացին, նշեց՝ կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է, ուստի խմբակցությունը ո՛չ քվեարկությանը, ոչ էլ քննարկմանը չի մասնակցելու:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նշեց՝ նրանք մի շարք հակասական մտքեր են արտահայտել:
«Առաջին հակասող միտքը, որ արտահայտեցիք, հետևյալն է՝ ձեր խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, որպեսզի, ձեր խոսքերով, չլեգիտիմացնի թեման: Եկել եք, օրակարգի քննարկման ժամանակ քննարկում եք այն, ինչը հիմա պատրաստվում եք բոյկոտել: Ասում եք՝ բա որ Ադրբեջանը չվավերացնի (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծ - խմբ.): Չի վավերացնի, թող չվավերացնի, ուժի մեջ չի մտնի սա: Ի՞նչն է խնդիրը: Այսինքն՝ եթե մենք հիմա վավերացնենք, պարզվի՝ Ադրբեջանը չի վավերացնում, համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած. վե՛րջ:
Հաջորդ հարցը. ձեր պնդումն այն է, որ սա վատ բան է Հայաստանի համար, այսինքն՝ այս կանոնակարգը դավաճանական է, կոլաբորիացիոնիստական է Հայաստանի համար, վտանգում է Հայաստանը: Եթե այդքան վատ բան է մեզ համար, ինչի՞ չպետք է վավերացնի Ադրբեջանը՝ ձեր տրամաբանության շրջանակներում: Ասում եք՝ բա որ վերապահումներով վավերացնի: Պարոն Ռուստամյան, վերապահումներով վավերացվում են միջազգային կոնվենցիաները, երկկողմ համաձայնության մեջի վերապահումը ո՞րն է, դա տրամաբանական չէ: Բայց կրկին՝ գլխավոր միտքը հետևյալն է՝ դուք գալիս եք ու զայրացած մի բան եք ասում՝ որպես տիեզերական ճշմարտություն, բայց պարզ չի ձեր ասածի միտքը»,- ասաց Ռուբինյանը:
Դիմելով ընդդիմադիր գործչին՝ Ռուբինյանը հարց ուղղեց՝ ո՞րն է ռիսկը, քանի որ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ երկու կողմն էլ ներպետական ընթացակարգերն անցնում են, տեղեկացնում են միմյանց դրա մասին:
Նա հրավիրեց Ռուստամյանին բանավեճը շարունակելու ցանկության դեպքում մասնակցել հարցի քննարկմանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը, քանի որ հիմնավոր կասկած ունեն, որ «սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումներին արդարացում ծառայելուն հետագայում»:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը
հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: