ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Դրական եզրակացություն ստանալուց հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից այն չվավերացնելը բացատրություն չի ունենա։
«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ մենք, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:
Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: