Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարևոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ չի ծավալել այն գործունեությունը, որի համար նախատեսված է եղել օրենքով: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը լիովին անկախ կառույց է, ինչի մասին են խոսում տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներն ու նրանց կողմից հրապարակված զեկույցները:
Ըստ տարբեր հեղինակավոր կառույցների գնահատականների՝ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն այժմ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, սակայն մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերված հաջողություններով ու պետք է անենք հնարավորը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լինի ավելի բարձր ու պատշաճ մակարդակում: Իհարկե, այս հարցում մեծ է նաև իրավապահ մարմինների դերն ու գործոնը, բայց, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, քաղաքացիներն այս կամ այն հարցում դժգոհություններ ունենան վերջիններիս գործողություններից, նրանք պետք է համոզված լինեն, որ հանձին ՄԻՊ-ի կա իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց ու որ, ի վերջո, իրենց ոտնահարված իրավունքները վերականգնվելու են:
Մեր իշխանությունն ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի օժանդակությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր ոք սեփական օրինակով համոզված լինի մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դրույթի կենսունակության ու իրական լինելու մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հարգելի՛ աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ ու ցանկանում հաջողություններ ձեր պատասխանատու ու հանրության համար կարևոր առաքելության մեջ:
Շնորհակալություն»,- նշված է ելույթում: