ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունը օտարերկրացի կնոջ մասին էր։ Ըստ տեղեկության` կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։
«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կնոջ ինքնությունը, ճշտվեց նաև բնակության վայրը»,- նշել է ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել 27-ամյա կնոջ բնակության վայրում։
«Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ ալֆա-ՊՎՊ տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար»,- հայտնել է Դավիթ Պետրոսյանը։
27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
Նախաքննությունը շարունակվում է: