ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է «Հանրային կառավարումը բարելավելու գործում Հաշվեքննիչ պալատի դերը» թեմայով համաժողովին և հանդես եկել ելույթով:
«Հարգելի՛ փոխվարչապետ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ դեսպաններ, սիրելի՛ հյուրեր:
Ողջունում եմ ձեզ այս կարևոր համաժողովում: Նման միջոցառումները թույլ են տալիս միասին քննարկել հանրային կառավարման զարգացման ուղիները, որոնց կարևորությունն այսօր ավելին է, քան երբևէ:
Հաշվեքննիչ պալատը կարևոր դեր է խաղում մեր պետական կառավարման համակարգում՝ ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն: Լինելով անկախ մարմին՝ Հաշվեքննիչ պալատը նպաստում է պետական եկամուտների ու միջոցների արդյունավետ օգտագործման գործընթացին:
Այս համաժողովը նաև հրաշալի հնարավորություն է, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր պետական ֆինանսական կառավարման համակարգերը եւ, միևնույն ժամանակ, նպաստենք դրանց վերաբերյալ հանրային վստահության բարձրացմանը:
«Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի ընդունումով Ազգային ժողովը հավանություն տվեց այդ մարմնի՝ ավելի արհեստավարժ, մրցունակ և ավելի անկախ լինելուն: Մենք պետք է շարունակենք բարեփոխումները՝ զարգացնելով հաշվետվողականության մշակույթը, ինչը թույլ կտա մեզ ավելի պատասխանատու և միաժամանակ ավելի ընկալելի լինել հասարակության համար:
Կարևորում եմ միջազգային գործընկերների, մասնավորապես, INTOSAI-ի՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվեքննություն ունենալու բոլոր ջանքերը: Միջազգային փորձը շատ արժեքավոր է, և մենք պետք է օգտագործենք այն՝ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Կարևորում եմ նաև ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի դերակատարումը՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի միջև երկխոսության բարելավման գործում:
Վստահեցնում եմ՝ մեր միասնական ջանքերը կարող են բերել իրական փոփոխություններ և նպաստել հանրային շահի սպասարկմանը: Հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այդ նախաձեռնություններում: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշված է ելույթում: