Հակոբ Արշակյանը և ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Վիենտյանում հանդիպել են Մալայզիայի խորհրդարանի նախագահ Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Հայաստանը հետաքրքրված է Մալայզիայի հետ բազմակողմ կապերի ակտիվացմամբ, և նման գագաթնաժողովների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտությանը և ընդգծելով դրա կարևորությունը միջխորհրդարանական համագործակցության մեջ՝ նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Կարևորելով բարեկամական խմբերի գործունեությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Մալայզիայի խորհրդարանում ևս կգործի Հայաստանի հետ բարեկամական խումբ: Նա նաև ընդգծել է, որ տվյալ հանդիպումը լավ սկիզբ և հիանալի առիթ է՝ խթանելու հարաբերությունները երկու օրենսդիր մարմինների միջև:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցերին և համոզմունք հայտնել, որ երկու երկրները բավական ներուժ ունեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը:
Մալայզիական կողմն իր պատրաստամակությունն է հայտնել՝ երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին:
Մալայզիայի խորհրդարանի ղեկավար Թան Շրի Դաթո Ջոհարի բին Աբդուլը ողջունել է Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովին անդամակցությունը և հույս հայտնել, որ դա կծառայի նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը: