Թբիլիսիում հազարավոր մարդիկ ակցիա են անցկացրել՝ աջակցություն հայտնելով Վրաստանի եվրաինտեգրմանը։ Այն տեղի է ունենում Վրաստանում հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրությանն ընդառաջ: Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Իմ առաջ կանգնած Վրաստանը ազատ Վրաստանն է։ Ոչ ոքի չեն ստիպել այստեղ գալ, չեն սպառնացել ազատել աշխատանքից կամ զրկել կրթաթոշակից: Ազատությունից ու խաղաղությունից ավելի արժեքավոր բան չկա։ Այս երկիրը կդառնա Եվրոպա»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։ Նա դիմել է Ուկրաինային և Մոլդովային, համոզմունք հայտնել, որ երեք երկրին կհաջողվի դառնալ ԵՄ անդամ:
Ավելի վաղ Թբիլիսիում ԵՄ դեսպանը տեղեկացրել էր, որ Եվրամիությունը դադարեցրել է կառույցին Վրաստանի անդամակցության գործընթացը, քանի որ երկրի խորհրդարանն ընդունել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը։ Պավել Հերչինսկին նաև մտահոգություն է հայտնել «Վրացական երազանքի» հակաեվրոպական քայլերի ու հռետորաբանության հետ կապված:
Մանրամասները՝ տեսանյութում: