ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մանդատը և տրամադրել ավելի լայն ռազմական լիազորություններ: Այդ մասին Բորելը հայտարարել է լրագրողներին՝ Նեապոլում Մեծ յոթնյակի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ:
«Խաղաղապահները չեն կարող որևէ բան անել: Անհրաժեշտ է ընդլայնել նրանց դերը, բայց դրա համար կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական որոշումը։ Նրանք այնտեղ են գտնվում ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կամքով, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ»,- ընդգծել է Բորելը։
Խոսելով խաղաղապահների դիրքերին իսրայելական բանակի հարվածների մասին՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը դրանք անվանել է «բացարձակ անընդունելի», բայց նաև չի հստակեցրել, թե արդյոք առաքելության նոր մանդատը պե՞տք է ներառի պատասխան կրակի իրավունքը:
«Նրանք այլևս խաղաղապահներ չեն, քանի որ երկրում խաղաղություն չկա։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության մանդատը»,- ասել է նա: Բորելը նաև կոչ է արել Իսրայելին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից Լիբանանից խաղաղապահների դուրսբերում չպահանջել, քանի որ նրանք այնտեղ են գտնվում ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ, և Իսրայելը նրանց նկատմամբ որևէ լիազորություն չունի: