Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ:
Մրցաշարի պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարել են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները վազել են 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ամենակարևորն այն է, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնան մեր առօրյայի մի մասը:
«Մասնակիցները նախորդ ամբողջ տարվա ընթացքում ակտիվ կյանքով են ապրել, և նրանցից ոչ բոլորն են մարզիկներ: Ուզում ենք, որ մեր մարզիկներն առավել ակտիվ լինեն, բայց և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ապրեն ակտիվ կյանքով: Սա յուրատեսակ ստուգատես է նաև դպրոցահասակների ու նրանց ուսուցիչների համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Դմիտրի Կորոլևը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 61-ամյա Սիլվարդ Բաղյանին և 79-ամյա Աշոտ Բալագյոզյանին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է 41 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց և տղամարդկանց: Տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Համազասպ Մամիկոնյանը, իսկ երրորդ տեղը՝ Գուրգեն Մարտիրոսյանը: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղերցել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հասմիկ Հարությունյանը:
Առանձին գործող աթլետների պայքարում կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Էլլադա Ալավերդյանը, երկրորդ տեղը գրավել է Լիլիթ Հարությունյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Մարի Սարգսյանը: Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վանյա Սարգսյանը:
Պրոֆեսիոնալ աթլետների պարգևատրումն իրականացրել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:
18-40 տարեկան կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Աննա Բորիսենկոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կատյա Գալստյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Սառա Ստայցը:
Դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ: