ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:
Մրցաշարը կանցկացվի երեք տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝
-
առաջին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,
-
երկրորդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),
-
երրորդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),
-
գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար-Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցումների մեկնարկը՝ ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ ժամը 11:00-ին, անձը հաստատող փաստաթղթով: