ԵՄ երկրները ձգտում են «վճռական գործողությունների»՝ արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ Բրյուսելում հրապարակված ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի միգրացիոն բաժնում ասվում է, որ Եվրամիությունը «կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում»՝ հեշտացնելու և արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։
ԵՄ առաջնորդները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պայքարելու ներգաղթի քաղաքական շահագործման դեմ և պաշտպանելու ԵՄ արտաքին սահմանները «բոլոր մատչելի միջոցներով՝ հարգելով եվրոպական և միջազգային իրավունքը»։ Հռչակագրում ընդգծվում է, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանին, Բելառուսին և այլ երկրների «չարաշահել մեր արժեքները, ներառյալ ապաստանի իրավունքը, և խարխլել մեր ժողովրդավարությունները»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ «անօրինական միգրացիան պետք է կրճատվի»։ Միևնույն ժամանակ, ըստ Շոլցի, ԵՄ-ն պետք է բաց մնա որակավորում ունեցող աշխատուժի անհրաժեշտ ներգաղթի համար։