«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր կարգավորումները:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների փաստահավաք գործունություն և դրանց վերաբերյալ կազմելու է փաստահավաք զեկույց: Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետևանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ և այլն:
«Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների և գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը և իրադարձությունները ներառելու են՝ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ, ինչպես նաև հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես նաև հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:
Հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույցների անցկացում, այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային լսումների անցկացում և այլն:
«Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր կամ ճանաչված մասնագետներ են կամ հանրային հեղինակություն վայելող անձինք: Նրանք երբևէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն»,- տեղեկացրել է Արմենուհի Հարությունյանը և հավելել, որ հանձնաժողովի անդամներն իրենց գործունեությունը ծավալելու են վճարովի հիմունքներով: Նրանց վարձատրության չափը կսահմանվի ենթաօրենսդրական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: «Օրենքի ուժով Հանրային խորհրդի գործող կազմը պետք է ցրվի և ձևավորվի նոր խորհուրդ, որն էլ արդեն կձևավորի հանձնաժողովը»,- նշել է զեկուցողը:
Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնությունը քննարկվել է տարբեր ձևաչափերով և բազմիցս լրամշակվել: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը, որոնց հիման վրա նախագիծը կլրամշակվի առաջինից երկրորդ ընթերցում:
Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ձևավորվելիք հանձնաժողովին տրվելիք լիազորություններին, փաստահավաք խմբի գործունեության ժամանակահատվածին և այլն:
Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ողջունելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել: Պատգամավորն ընդգծել է Հանրային խորհրդում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն: