Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում փոխգործակցության, նախանշվող ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները․ անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքով հաշմանդամության սահմանման նոր մոդելի գործընթացը,
e-disability.am թվային հարթակի գործարկումը, մատուցվող ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված աշխատանքները, տրամադրվող աջակցող միջոցների նոր համակարգը, պրոթեզավորման և օրթեզավորման գործընթացը։
Վերջինիս խոսքով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և հավասար հնարավորությունների ապահովմանը զուգահեռ կարևոր է նաև ծառայությունների մատուցումը սահմանելիս և տարբեր կառույցների կողմից ծախսերի բաշխման մեխանիզմները համաձայնեցնելիս ապահովել մարդակենտրոն մոտեցում։
ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների իրագործման գործընթացում փորձի փոխանակման, մեթոդական ուղեցույցների տրամադրման, համապատասխան մասնագետների վերապատրաստումների ուղղություններով։
Կողմերը ևս մեկ անգամ հստակեցրել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության եզրերն ու ուղիները․ աջակցող միջոցների տրամադրման լավագույն փորձի ուսումնասիրություն, չափորոշիչների հստակեցում, որակի գնահատման մեխանիզմների ներդրում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է նաև Հայաստանում վերականգնողական ոլորտի ու աջակցող տեխնոլոգիաների ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ կոնսենսուսային աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ռազմավարության գործողությունների իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերի միջև համակարգված մոտեցման ապահովմանն ու միջգերատեսչական համագործակցության առավել ճկուն մեխանիզմի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր։