Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է, որ մայրաքաղաքում դիտված հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին Երևանի փողոցներում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչընդոտող խնդիր, ըստ էության, չի եղել:
«Ըստ էության՝ չի եղել, քանի որ, ինչպես նախապես տեղեկացրել էի՝ տեղերում սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ՝ «Վեոլիա ջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում հնարավոր է եղել արագ արձագանքել լոկալ խնդիրներին, մասնավորապես՝ կանխել տերևների ու այլ թափոնների կուտակումը դիտահորերի մոտ և արդյունքում՝ զերծ մնալ խցանումներից:
Հոկտեմբերի 17-ին արձանագրված տեղումներն ավելի ինտենսիվ էին: Այդ օրը տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության դեպքեր արձանագրվել են Միկոյան փողոցում (այսպես կոչված՝ Եղվարդի խճուղում): Այս պահին իրականացվում է հնարավոր պատճառների ուսումնասիրություն:
Ինչ վերաբերում է Հաղթանակի կամրջի հատվածում արձանագրված ջրակուտակումներին, ապա սոցցանցերում տեղ գտած տեսանյութերը ըստ էության հին են, քանի որ հոկտեմբերի 17-ին նկարահանված ու ստորև ներկայացվող կադրերում ակնհայտ երևում է, որ այդ տարածքում ջրի կուտակումներ չկան»,- ասված է Կոստանյանի գրառման մեջ: