Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում սահմանամերձ Այտա էլ Շաաբ գյուղի աշտարակի վրա բարձրացրել են ազգային դրոշն այն բանից հետո, երբ այդ բնակավայրը մաքրվել է «Հըզբոլլահ» շարժման ուժերից և ենթակառուցվածքներից:
«Հըզբոլլահը», սակայն, հերքել է այդ լուրը: «Դիմադրության ուժերի մարտիկների ցուցաբերած տոկունությունը թույլ չտվեց իսրայելական զորքերին ցամաքային գործողության 17 օրվա ընթացքում վերահսկողություն հաստատել Լիբանանի հարավում գտնվող թեկուզ մեկ բնակավայրի վրա»,- հայտարարել է «Հըզբոլլահի» ղեկավարության անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հասան Ֆադլալլան: Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա նշել է, որ շիա ջոկատները բավարար մարտիկներ ունեն Լիբանանը պաշտպանելու համար:
Ըստ քաղաքական գործչի՝ Իսրայելը չի հրաժարվել Լիբանանի հարավում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերից: Նա չի բացառել, որ Իսրայելը «ծրագրում է իր տարածքին միացնել Լիբանանի հարավային շրջանները՝ ընդհուպ Լիտանի գետը»:
Պատգամավորը միաժամանակ հաստատել է, որ շիա կազմակերպությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները: «Մենք ցանկանում ենք հրադադար, իսկ քաղաքական կարգավորման հարցերը կքննարկենք դրանից հետո»,- հայտարարել է նա: