Ուկրաինայի նախագահը մեկնել է Բրյուսել՝ ԵՄ առաջնորդների մակարդակով Եվրոպական խորհրդի արտահերթ հանդիպմանը: Օրակարգում են Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, երկրի դիրքերի ամրապնդման տարբերակները, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Կիևի հնարավոր անդամակցության հարցը, որը Զելենսկու առաջարկած հաղթանակի ծրագրի առաջին կետն է: Նա մտահոգություն է հայտնել, որ ձմեռը մոտ է և այդ վտանգավոր շրջանում հարկավոր է ամրապնդել Ուկրաինայի անվտանգությունը, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում: Նրա խոսքով՝ Կիևի ներկայացրած հաղթանակի ծրագրի նպատակն է հող ստեղծել՝ մինչև մյուս տարվա վերջ պատերազմը ավարտելու համար, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհով:
«Ծրագրի շրջանակում նաև առաջարկում ենք Ուկրաինայի տարածքում ոչ միջուկային ռազմավարական համալիր տեղակայել: Դա պետք է ստիպի Պուտինին բանակցել», - մանրամասնել է Զելենսկին, հավելել՝ Կիևի առաջնահերթություններից է նաև Ռուսաստանի խորքում ռազմական թիրախներին հեռահար զենքով հարվածելու թույլտվություն ստանալը: «Պատերազմը հարկավոր է ավարտին հասցնել: Արդար հանգուցալուծում է անհրաժեշտ», - շեշտել է Զելենսկին:
Նա նաև մանրամասներ է ներկայացրել վերջերս Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումից: Զելենսկու խոսքով՝ Թրամփի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը՝ նշելով, որ Բուդապեշտի հուշագրի համաձայն՝ Ուկրաինային խոստացել են պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։
«Ես Թրամփին ասել եմ՝ Ուկրաինան կա՛մ պետք է միջուկային զենք ունենա, կա՛մ լինի ՆԱՏՕ-ում: Կիևն ընտրում է ՆԱՏՕ-ն: Թրամփը լսել է ինձ», - պարզաբանել է Զելենսկին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։