ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Fox News-ի ետ հարցազրույցում ասել է, որ չի շարունակի գործող նախագահ Ջո Բայդենի կուրսը, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունում։
«Իմ նախագահությունը չի լինի Ջո Բայդենի նախագահության շարունակությունը, և, ինչպես յուրաքանչյուր նոր նախագահ, որը սկսում է պաշտոնավարել, ես կբերեմ իմ կյանքի և մասնագիտական փորձը, թարմ ու նոր գաղափարներ: Ես ներկայացնում եմ առաջնորդների նոր սերունդը»:
Հարիսը կարևորել է այն փաստը, որ իր կարիերայի մեծ մասը չի անցկացրել Վաշինգտոնում և վստահեցրել է: «Ես ողջունում եմ գաղափարներ, լինի դա ինձ աջակցող հանրապետականներից, բիզնես հատվածից և բոլոր նրանցից, ովքեր կարող են նպաստել իմ կայացրած որոշումներին»:
Նա քննադատել է նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը, որն ըստ նրա, պառակտում է երկիրը, մարդկանց միմյանց դեմ տրամադրում:
Հարցազրույցը տարբեր արձագանքներ է առաջացրել: Թրամփի նախընտրական շտաբի պաշտոնյաները Հարիսի հարցազրույցը Fox News-ին աղետ են անվանել։ «Քամալան զայրացած էր, պաշտպանվում էր և հրաժարվում էր ամերիկացիների առջև ծառացած խնդիրների պատասխանատվությունից», - ասել է Թրամփի խոսնակ Քերոլայն Լևիթը:
Ըստ BBC-ի, Fox-ի հաղորդավար Բրեդ Բայերի հետ հարցազրույցը բավականին լարված էր։ Մասնավորապես, Հարիսը մի քանի անգամ խնդրել է նրան թույլ տալ, որ ավարտի իր պատասխանը, քանի որ հաղորդավարը ընդհատում էր նրան և ավելի շատ հարցեր տալիս:
Ավելի վաղ ամերիկացի լրագրող և Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշն ասել էր, որ Բայդենը ցանկանում է ստվերում թողնել Հարիսին: Նրա խոսքով, ԱՄՆ ներկայիս նախագահը թույլ չի տալիս փոխնախագահին իր ձեռքը վերցնել արտաքին քաղաքական հարցերում առաջնորդությունը։