Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լսումներ է հրավիրել Անկախության հռչակագրի թեմայով, որին ներկա են եղել արտախորհրդարանական ուժեր, նաև «Տավուշը հանուն հայրենիք»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Լսումների եկած ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ելույթում վիրավորական խոսքեր է հնչեցրել, իշխանության ներկայացուցիչներին անվանել պետական դավաճաններ, ԱԺ նախագահին՝ մարմնավաճառ: Հակոբյանը նշել է, որ իշխանությունից պետք է ազատվել ամեն գնով, մահապարտների ջոկատ ստեղծելու, ապստամբության կոչ արել: Նրա ելույթից հետո միջադեպ է գրանցվել խորհրդարանում: ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները ԱԺ շենքից դուրս են հանել նախկին պատգամավորին։
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է միջադեպին և նշել հետևյալը.
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ձեր հարցումների՝ տեղեկացնում եմ, որ խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։
Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժվելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»։