Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկում է նաև ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլև ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին: Թիմը կլինի ինքնաբավ, կունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում (ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս) տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտակարգ իրավիճակների ընթացքում ամբողջ աշխարհում գործում են արագ արձագանքման բժշկական խմբեր: Զեկուցողի տեղեկացմամբ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ խմբերը բավականին արդյունավետ օգնություն են տրամադրում տարբեր արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներին: «Մենք նման փորձառություն ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության ընթացքում, երբ տարբեր երկրներից ունեցանք նման օժանդակություն»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել, որ միջազգային հավաստագրման համաձայն` կան տարբեր մակարդակների բժշկական թիմեր: Գործադիրն առաջարկում է ստեղծել առաջին մակարդակի բժշկական թիմ: Լենա Նանուշյանը համոզմունք է հայտնել, որ բարեհաջող միջազգային հավաստագիր ստանալու դեպքում հետագայում կարող է քննարկվել երկրորդ և մյուս մակարդակների բժշկական թիմեր ստեղծելու հարցը:
Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ: Ընդունվել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի առաջարկը. սահմանվել է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների և տեսակների, կսահմանի լիազոր մարմինը:
Առաջին ընթերցմամբ ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: