ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Արաբկիրի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ օտարերկրացի մի տղամարդ թմրանյութեր է տեղադրում:
«Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 14-ին: Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ժամը 14.15-ին Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գույնի և տարբեր պարունակության փաթեթներ: Տղամարդը հայտնել է, որ դրանցում թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` իրացնելու նպատակով:
Կազմված փաստաթղթերը և օտարերկրացի տղամարդը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: