Անձնագրային բաժիններում շատ մեծ աժիոտաժներ են տեղի ունենում. հարցն արդյոք ինչ-որ հանգրվանի հասա՞վ: Կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բավականին թեթևացել է արդեն: Հիմնականում ամառային սեզոնի հանգստի գնալու հետ կապված էր: Այդ պահերին էր, որ հիմնական հերթեր են եղել»,- ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Իրականում, որ պետք է արձակուրդ մեկնեն արտերկիր, մի շաբաթ առաջ հիշում են՝ բա մի րոպե, ես անձնագրի հետ կապված հարց չունե՞մ: Այստեղ էլ է հանրային կոմունիկացիայի հարց: Վերջին պահին ֆիքսում ես, որ անձնագրի ժամկետը լրանում է: Ամառային այդ խնդիրը կա: Իմիջիայլոց, հեսա Նոր տարի է գալիս, Նոր տարուց առաջ էլ է նույն իրավիճակը. մեծ հերթեր են գոյանալու: Ժամանակ առ ժամանակ հիշեցրեք քաղաքացիներին: Նախընթաց շրջանում պետք է կոմունիկացնել, որ, հարգելի քաղաքացիներ, պլանավորեք ձեր անձնագրային գործերը, որ մեծ հերթեր չգոյանան: ՆԳՆ-ն հանրային հաղորդակցության ռեսուրսներ ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անձնագրային բաժինների հետ կապված խոստացել էին, որ նաև շրջիկ անձնագրային ծառայություններ կմատուցվեն:
ՆԳ նախարարն արձագանքեց՝ նշելով.
«Ձեր ցուցումից հետո ստեղծել ենք մեկ շրջիկ գրասենյակ: Կոտայքի մարզ, Լոռու մարզ, եթե չեմ սխալվում եմ՝ այսօր պետք է գնային Գեղարքունիք. որտեղ գնում են, մենք նախապես իրազեկում ենք ՆԳՆ կայքէջում: Վերջին այցը եղել է Լոռու մարզում, և ընդամենը 1 քաղաքացի է դիմել մեզ»:
Նա նշեց, որ մոտ ժամանակներս շրջիկ գրասենյակներ կլինեն, որտեղ, բացի անձնագրային ծառայություններից, հնարավոր կլինի ստանալ զենքի թույլտվություն և փոխել վարորդական վկայականը: