Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, թմրանյութի մաքսանենգության՝ 10, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, փաստաբանի նկատմամբ սպառնալիքի, գույքային վնաս պատճառելու, ինքնիրավչության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։