ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպմանը։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան այս ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ տարածաշրջանային դերակատարների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև հնարավորություն՝ խթանելու առևտրատնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային, հումանիտար ոլորտներում փոխշահավետ գործակցությունը:
Ադրբեջանցի լրագրողը հարց է հնչեցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի, ինչպես նաև հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների հեռանալու մասին: Զախարովան արձագանքել է՝ նշելով, որ Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինաբանությունը չի օգտագործում:
«Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցն այլ թեմա է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման մասով Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այն չի փոխվել», - հայտարարել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը արձագանքել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում պատմական թաղամասեր ավերելու փաստերի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ճակատագրի և վերադարձի իրավունքի մասին հարցին, նշել, որ խոսքը Ադրբեջանի տարածքի մասին է և այնտեղ գործում են այդ երկրի օրենքները:
«Կարեկցում ենք մարդկանց, որոնք կորցրել են իրենց տունը: Դա ողբերգություն է: Սակայն մենք բազմիցս մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված են եղել իրենց տներ ԼՂ բնակչության վերադարձի հնարավորությանը։ Մենք բարձրացնում ենք այդ հարցը Ադրբեջանի հետ երկկողմ շփումներում: Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանը վերադարձի հնարավորություն ընձեռել է: Այդ հնարավորությունը եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների պահպանմամբ, երևի թե կարելի է օգտվել այդ հնարավորությունից», - ասել է Զախարովան։
Անդրադարձ է եղել ՆԱՏՕ-Ադրբեջան գործակցությանը: Զախարովան նշել է, թե Հյուսիսատլանտյան Դաշինքը և Եվրամիությունը կործանարար գործունեություն են ծավալում տարածաշրջանում՝ թե ադրբեջանական, թե հայկական ուղղությամբ
«Համոզված ենք, որ տարածաշրջանում որոշումները պետք է կայացնեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության», - ասել է Զախարովան, հավելել, որ Մոսկվան այդ դիրքորոշումը փոխանցում է և՛ Բաքվին, և՛ Երևանին:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։