Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Մերձավոր Արևելքի պատերազմական գոտիներում խաղաղ բնակչության վիճակը բարելավելու համար։ Ըստ DPA գործակալության՝ Վաշինգտոնը սպառնացել է, որ եթե առաջիկա 30 օրվա ընթացքում այդ ոլորտում բարելավումներ չլինեն, դա կարող է համարվել ռազմական օգնության մասին ԱՄՆ օրենքի խախտում։ Այդ դեպքում ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրվող ռազմական աջակցությունը կարող է կրճատվել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են ուղարկել Իսրայելի իշխանություններին՝ «խոր մտահոգություն» հայտնելով Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, և Իսրայելի կառավարությունից պահանջել են «արտակարգ և երկարաժամկետ միջոցներ» ձեռնարկել՝ այն բարելավելու համար։
ԱՄՆ կառավարությունը քննադատել է նաև իսրայելցի զինվորականների գործողությունները Լիբանանում։ «Մենք Իսրայելին հասկացրել ենք, որ անընդունելի ենք համարում Բեյրութի խիտ բնակեցված տարածքներին գրեթե ամենօրյա օդային հարվածները»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին և ընդգծել, որ պետք է երաշխավորվեն խաղաղ բնակիչների, ՄԱԿ-ի խաղաղապահների և լիբանանյան զինվորականների կյանքի պաշտպանությունն ու անվտանգությունը: