Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին, որով սեպտեմբերի վերջին մեկնել էր ԱՄՆ, գրում է BBC-ն։ Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։
Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ և «հենց հիմա»։
Երկրորդ կետը պաշտպանությունն է՝ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակությունը և այդ տարածքում հարվածների սահմանափակումների վերացումը։ Զելենսկին դա անվանել է պատերազմի վերադարձ ռուսական տարածք։ Այն ունի գաղտնի հավելված:
Երրորդ կետը զսպումն է. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել ռազմավարական զսպման ոչ միջուկային փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանից սպասվող ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար, կա նաև գաղտնի հավելված:
Չորրորդ կետը Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումն է և պատժամիջոցների ուժեղացումը, ունի գաղտնի հավելված:
Հինգերորդ կետը նախատեսված է հետպատերազմյան շրջանի համար։
«Պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի, եթե իրականացվի այս ծրագիրը»,- ասել է Զելենսկին:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 17-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին՝ գնահատելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերջին զարգացումները և ներկայացնելու իր հաղթանակի ծրագիրը։
Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Զելենսկու ծրագիրն անվանել է «անցողիկ»։