Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակ են ուղղել Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով «ազատ և արդար ընտրություն» անցկացնել։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկիրը Եվրամիությանը մոտեցնելու վրաց ժողովրդի ցանկությունը։ Միաժամանակ, եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Թբիլիսիի եվրոպական ապագայի վերաբերյալ և կոչ են արել Վրաստանի բնակչությանը մասնակցել խորհրդարանի ընտրության քվեարկությանը։
AFP-ն հիշեցնում է, որ 2023 թվականի դեկտեմբերից Վրաստանն ունի ԵՄ պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Սակայն դաշինքին նրա անդամակցության գործընթացը կասեցվել է երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի ընդունումից հետո, ինչը Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի նախարարներն իրենց նամակում ընդգծել են, որ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը կասեցվել է միայն ներկայիս ներքաղաքական որոշումների պատճառով, իսկ Միության դուռը «բաց է և բաց է լինելու»։