Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք բանակցություններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ոչ, մենք չենք մասնակցի: Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախաձեռնությամբ 2020 թվականի վերջին հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ավելի ուշ այն ստացավ «3+3» անվանումը։ Ռուսաստանը և Իրանը ողջունեցին այդ գաղափարը, և Հայաստանը նույնպես միացավ ձևաչափին։ Վրաստանը, սակայն, հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում։