ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում):
Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ իրականացվող ծրագիրը միտված է հայ գրականության հանրահռչակմանը մեր երկրի սահմաններից դուրս:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի ազգային տաղավարում հայ գրական գործակալները և հրատարակիչները կարող են հանդիպումներ նշանակել՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին և նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ է նաև, որ Հայաստանում այժմ առկա է գրահրատարակչության, հատկապես, գրական թարգմանությունների վերելք:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում ճգնաժամերի լուծումների և խաղաղության մասին։
Բացի առանձին տաղավարով ներկայանալուց՝ հոկտեմբերի 18-ին «Ֆրանկֆուրտ ստուդիո, Եվրոպա սրահ»-ում նախատեսվում է պանելային քննարկում՝ «Տեղի փնտրտուքներում․ հայ գրականությունը Եվրոպայում» խորագրով՝ հետևյալ մասնակիցներով.
• Արամ Պաչյան (գրող, Եվրոպական միության գրական մրցանակի դափնեկիր),
• Անուշ Քոչարյան (բանաստեղծ, գրող, լրագրող),
• Սարգիս Հովսեփյան (գրող),
• Տիգրան Ամիրյան (գրաքննադատ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր տնօրեն).
• Յուրգեն Յակոբ Բեքեր (Բեռլինի Literarische Colloquium-ի փոխտնօրեն, Գերմանիայի թարգմանիչների հիմնադրամի գործադիր տնօրեն):
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիա մասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին նախորդ տարի մասնակցում էին ավելի քան 90 երկրների շուրջ 4000 ցուցադրողներ, 90.000-ից ավելի ոլորտային մասնագետներ, մոտ 87.000 այցելուներ, 6000-ից ավելի լրագրողներ և մեդիաոլորտի ներկայացուցիչներ:
Գրքերը և ծրագրերը ներկայացվում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով, ցուցադրություններով։ Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրավոր ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։