Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան ընդառաջ՝ Ծառայության կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր աննախադեպ և բացառիկ միջոցառում. ցուցահանդես-վաճառքին մասնակցելու և իրենց աշխատանքներն անձամբ ներկայացնելու համար քրեակատարողական հիմնարկ էին բերվել «Սևան», «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների ստեղծագործող ազատազրկված անձինք:
Ցուցահանդեսին ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, վարչակազմի ներկայացուցիչներ, Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՄԻՊ, ՀԿ ներկայացուցիչներ, թանգարանների տնօրեններ և այլ հյուրեր։ Միջոցառմանը հրավիրված են եղել նաև մասնակից ազատազրկված անձանց հարազատները։
Ազատազրկված անձինք հյուրերին ներկայացրել են իրենց հեղինակած աշխատանքների խորհուրդը, ստեղծագործման ընթացքն ու բնույթը։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտել են ցուցանմուշները, տպավորվել ազատազրկված անձանց՝ ճաղերից այն կողմ ոգեշնչման աղբյուրներ գտնելու կարողությունից։
Ցուցահանդեսից ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։