ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական պալատի ժամանակավոր տնօրեն Դինա Խվանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության` մարզական ենթակառուցվածքների հզորացման քաղաքականությունը և այդ նպատակով իրականացվող ծավալուն աշխատանքները, մասնավորապես՝ նոր մարզադպրոցների կառուցումը, տարբեր մարզերում սպորտային համալիրների հիմնումը:
«Կառավարությունը հաստատել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որի առանցքային թիրախներից մեկը Հայաստանի տարբեր բնակավայրերում ֆիզիկական ակտիվության ու սպորտով զբաղվելու հնարավորությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելը և առողջ ապրելակերպը խթանելն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում պետությունը կարևորում է նաև միջազգային ընկերությունների ներգրավման հնարավորությունը՝ մրցութային ընթացակարգով և օրենսդրական պահանջներին համապատասխան:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է կառուցել արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճներ: Դրանք կունենան բասկետբոլային պրոֆեսիոնալ բազմաշերտ մանրահատակ, որի վրա հնարավոր կլինի նաև ֆուտզալ, վոլեյբոլ ու հանդբոլ խաղալ: Նախատեսվում են նաև ունենալ փոքր տրիբունա՝ 300 հանդիսականի համար, էլեկտրոնային ցուցատախտակ, լուսավորության համակարգ և անհրաժեշտ այլ ատրիբուտներ:
Ներկայացնելով ոլորտի պետական քաղաքականությունը՝ Կարեն Գիլոյանը նշել է, որ ՀՀ-ում վերջին տարիներին կազմակերպվել են միջազգային խոշոր մրցաշարեր, որոնցից հերթականը՝ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, կանցկացվի 2027 թվականին: Այս իրադարձությանն ընդառաջ այժմ կառուցվում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անունը կրող սպորտային մարմնամարզության մարզահամալիրը, որը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և այլ միջոցներ: 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը:
AVK GmbH ընկերության մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ կառավարության ջանքերը սպորտի զարգացման ուղղությամբ՝ հաստատելով համագործակցությամբ հետաքրքրվածությունը:
Այս համատեքստում նա ներկայացրել է AVK GmbH ընկերության գործունեությունը և սպորտի ոլորտում գործընկերային համագործակցության շրջանակը՝ նշելով, որ ընկերությունը վերազինում է սպորտային օբյեկտներ բոլոր մակարդակներում՝ մարզադպրոցներից մինչև օլիմպիական մարզադաշտեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: