Վերլուծելով նախորդ տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ պետք է փաստել, որ դրանց ավելացմանը նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների զգալի աճը: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
«Հատկանշական է, որ տրանսպորտային միջոցների տարեցտարի շեշտակի ավելացման պայմաններում 2014-2018 թվականների համեմատությամբ արձանագրված ճանապարհատրասպորտային պատահարների հետևանքով զոհերի կամ վիրավորների թիվը ոչ միայն համադրելի է հաշվետու ժամանակահատվածի թվի հետ, այլ որոշ դեպքերում դրանք անգամ նվազել են:
Օրինակ՝ եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 560.000 տրանսպորտային միջոց և նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աճ` 49-ով (297-346), ապա 2022 թվականին, ունենալով շուրջ 890.000 տրանսպորտային միջոց, արձանագրվել է զոհերի նվազում 47-ով (368-321), իսկ 2024 թվականին հաշվառված շուրջ 935․000 տրանսպորտային միջոցի պարագայում, արդեն 8 ամիսների դրությամբ արձանագրվել է զոհերի նվազում՝ 35-ով (245-210):
Առհասարակ, ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների (2.978-2.653), այնպես էլ 380-ով վիրավորների թիվը (4.232-3.852):
Կարևոր է նաև արձանագրել, որ Ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարվում են բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կազմակերպման վիճակի ուսումնասիրություններ՝ ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերից (սև կետեր) և երթևեկության ինտենսիվությունից:
Երևան քաղաքում փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով` ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը»,- ասաց ՆԳ նախարարը։