Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ հայտնում են իշխանությունները:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել Այտու գյուղում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված։ Այդ վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ շրջաններից, որտեղ սովորաբար հարձակվում է իսրայելական բանակը՝ գրում է BBC-ն։
Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հարվածն ամբողջությամբ ավերել է բնակելի շենքը, որտեղ, ըստ տեղի բնակիչների, ապրում էին ընտանիքներ, որոնք վերջերս էին հարավային Լիբանանից տեղափոխվել հյուսիս։
Voice of Lebanon ռադիոկայանը հայտնել է, որ զոհվածների թվում կարող է լինել «Հըզբոլլահի» անդամ, որը հարազատների հետ գյուղ էր տեղափոխվել հարավային Լիբանանի սահմանային շրջանից:
Իսրայելը դեռևս չի մեկնաբանել հարվածը, սակայն երկուշաբթի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է «շարունակել հարվածներ հասցնել Հըզբոլլահին ամբողջ Լիբանանով»: Նա այդ հայտարարությունն արել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազա կատարած այցի ժամանակ, որտեղ կիրակի «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր չորս իսրայելցի զինվորական և մոտ 7 տասնյակը՝ վիրավորվել:
«Հըզբոլլահն» էլ իր հերթին խոստացել է ավելի շատ հարձակումներ իրականացնել, եթե Իսրայելը շարունակի իր գործողությունները Լիբանանում։