ԿԺԴՀ-ն պայթեցրել է իր կողմից Հարավային Կորեա տանող ճանապարհների հատվածները՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։
«Հյուսիսային Կորեան կեսօրին մոտ պայթեցրել է Գյոնգի և Դոնգհե ճանապարհների հատվածները ռազմական սահմանազատման գծից դեպի հյուսիս»,- ասվում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ: Զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունն ու պատասխան գործողությունների պատրաստությունը:
Սեուլը դատապարտել Է Փհենյանին՝ երկու երկիրը կապող ճանապարհներն ավերելու համար, ինչը լարվածության նվազեցմանն ուղղված երկկողմ համաձայնագրերի խախտում է:
Անցյալ շաբաթ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբը նախազգուշացրել էր, որ հոկտեմբերի 9-ից փակելու է Հարավային Կորեայի հետ կապված բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները՝ ի պատասխան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների և ԱՄՆ-ի միջուկային սուզանավի՝ վերջերս հարավ ժամանելուն։
Ճանապարհների պայթեցումը հետևել է Սեուլին ուղղված մեղադրանքներին: Հյուսիսային հատվածը հարավայինին մեղադրել է անօդաչու թռչող սարքեր օգտագործելու համար՝ Փհենյանի վրա քարոզչական թռուցիկներ տարածելու նպատակով՝ այն անվանելով քաղաքական և ռազմական սադրանք, որը կարող է հանգեցնել պատերազմի:
Երկու Կորեաները միացված են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, որոնք կառուցվել են 133 միլիոն ԱՄՆ դոլարի Հարավկորեական վարկերի հաշվին: Այդ մասին հայտնում է Հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը: Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները տարիներ շարունակ փակ են եղել, սակայն դրանց ոչնչացումը հստակ ազդանշան է այն մասին, որ Կիմ Չեն Ընը չի ցանկանում բանակցություններ վարել Հարավի հետ, կարծում են փորձագետները: